Հայփոստի եւ ՀՀ ՊԵԿ-ի միջեւ այսօր`հուլիսի 18-ին ստորագրվել է համագործակցության պայմանագիր, ըստ որի «ՀայՓոստ»-ի վերանորոգված եւ արդիականացված բաժանմունքներում ստեղծվում են հարկ վճարողների սպասարկման կետեր, որտեղ աշխատելու են ՊԵԿ ներկայացուցիչներ: Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով` Հայփոստը եւ ՊԵԿ-ը համընթաց քայլ են կատարում աշխարհում ընթացող գործընթացների հետ, քանի որ օր-օրի ավելանում է ինտերնետ- վաճառքների քանակը եւ այս պայմանագիրը հնարավորություն է տալիս ավելի արդիական սպասարկում իրականացնել հայփոստի բաժանմունքներում: Գագիկ Խաչատրյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայփոստի ցանցի օգտագործմամբ, ՊԵԿ-ը ինքն է գնում դեպի բնակչությունը, ավելի հասանելի դառնալով հարկ վճարողների համար:
Հայփոստում ՊԵԿ ներկայացուցիչների հիմնական գործառույթներն են լինելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման, հարկերի, տուրքերի եւ այլ վճարումների հետ կապված հարցերին օժանդակումը, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային վարչարարության, օրենսդրության հետ կապված հարցերի պարզաբանումը: Իսկ սպասարկման կետերում տեղադրված տերմինալների միջոցով ՊԵԿ ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կարող են նաեւ հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել:
Նախատեսվում է նաեւ, տեխնիկական հնարավորությունների դեպքում, առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման եւ ներմուծման հետ կապված մաքսային ձեւակերպումներ եւ մաքսազերծում: Այս նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ հարկ վճարողները հնարավորություն կունենան նույն վայրում միաժամանակ օգտվել ինչպես ՊԵԿ, այնպես էլ «ՀայՓոստ»-ի ծառայություններից: Այսպիսով, սպասարկման կետերի քանակի եւ աշխարհագրական տեղաբաշխվածության ընդլայնումը թույլ կտա այդ ծառայություններից օգտվող հարկ վճարողներին խնայել բավականին ժամանակ եւ միջոցներ:
Այս համագործակցությունը համահունչ է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ստրատեգիական ծրագրերին: Մինչեւ 2013թ. ավարտը «Հայփոստ»-ի նորոգված բաժանմունքների թիվը ողջ հանրապետությունում կանցնի 200-ից: Միաժամանակ 2013թ. «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը կիրականացնի խոշոր փոստային եւ կոմերցիոն ծրագրեր «Լա Փոստի», «Փոստե Իտալիանեի» եւ «Պոչտա Ռոսսիի« հետ: Կիրականացվեն փոստային առաքանիների լոգիստիկ պրոցեսների վերակազմավորում, արագ դրամական փոխանցումների նոր համակարգերի ներդրում, ծրագրային լուծումների նոր համակարգերի ներդրում, ավտոմեքենաների շարժակազմի թարմացում, փոստբանկային ծառայությունների ներդրում, կատալոգային վաճառքների ընդլայնում եւ այլն:






























