Տագնապալի է Սեւանա լճի էնդեմիկ իշխանի վիճակը, որը լիովին զրկվել է բնական ձվադրավայրերից եւ կես դարից ի վեր ամբողջությամբ կախում ունի արհեստական վերարտադրությունից: Իշխանի 4 ենթատեսակներից երկուսը` ձմեռային իշխանը եւ բոջակն արդեն իսկ անհետացել են, ամառային իշխանը բնական պայմաններում հանդիպում է եզակի առանձնյակների ձեւով, փոքր-ինչ ավելի մեծ է գեղարքունի տեսակի քանակը:
Իրավիճակը շտկելու համար ՀՀ կառավարությունը ամեն տարի իշխանի մանրաձկներ է լցնում Սեւան՝ փրկելու գոնե իշխանի 2 տեսակները՝ գեղարքունին եւ ամառային իշխանը: Էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրումը Սեւանում 2013 թ. կառավարության գերակա խնդիրներից մեկն է: Այդ մասին նշված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման մեջ, որն ընդունվել է հուլիսի 18-ին:
Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրման ծրագրի իրականացման ֆինանսավորումը նախատեսվել է տարեկան 60 մլն դրամի չափով: Ծրագրով նախատեսվում է Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների` 300 հազ. գեղարքունու եւ ամառային իշխանի կենսունակ մանրաձկների աճեցում եւ 2013 թ. 4-րդ եռամսյակում դրանց միանվագ բացթողումը Սեւանա լիճ:





























