Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Հայրենադարձների փողոցի տներից մեկում, հուլիսի 18-ին, բռնկված հրդեհի պատճառը եղել է արդուկը հոսանքի աղբյուրին միացված թողնելը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.40-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետեւանքով այրվել է Գուրգեն Կ.-ի տան առաջին հարկը` իր գույքով եւ տանիքային հարկն ամբողջությամբ` 140 քմ մակերեսով, իսկ հրդեհի տարածման հետեւանքով այրվել է հարեւանությամբ գտնվող, 66-ամյա Մարտուն Կ.-ի տան տանիքը` 50 քմ մակերեսով:
Նույն օրը պարզվել է, որ հրդեհն առաջացել է տան բնակչուհի, 81-ամյա Բախտիկ Կ.-ի կողմից էլեկտրական արդուկը հոսանքի աղբյուրին միացված թողնելու հետեւանքով:
Գուրգեն Կ.-ին պատճառված նյութական վնասի չափը կազմում է շուրջ 1.475.000 դրամ:
Մարտուն Կ.-ին պատճառված նյութական վնասի չափը կազմում է շուրջ 100.000 դրամ:
Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը:



























