Այս պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանի մոտ շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ Երեւանում տրանսպորտի գնի բարձրացման:

Ցուցարար ակտիվիստներից Արծվին Բախչինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք այնքան կմնան քաղաքապետարանի դիմաց, մինչեւ որեւէ պատասխանատու անձ հանդիպի եւ լսի իրենց պահանջները: Նրա խոսքով՝ Ցույցի ընթացքում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը դուրս է եկել եւ ինչ-որ հայտարարություն արել, որը ցուցարարները չեն լսել, քանի որ ոստիկանները նրանց թույլ չեն տվել մոտենալ քաղաքապետարանի շենքին:

Ակցիայի ընթացքում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ պարբերաբար լեզվակռիվ ու քաշքշուք է լինում. սկզբից նրանք վիճում էին քաղաքապետարանի շենքի մուտքին մոտենալու շուրջ, իսկ հիմա՝ քաղաքապետարանի շենքի հարակից կանաչ խոտերի վրա չկանգնելու խնդրի շուրջ:

Ոստիկանները նշել են, որ ակցիայի մասնակիցները խոչընդոտում են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը, ինչին ցուցարարները պատասխանել են սուլոցներով:

Ցուցարարների ձեռքին զանազան գրություններով պաստառներ են` «Վարորդ, միացիր պայքարին», «Վերջ գծատերերի լպիրշությանը»: Մեկ այլ պաստառի վրա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի լուսանկարներն են, որոնց վրա կարմիրով խաչ է քաշված:

Ցուցարարները նաեւ մանրադրամներ են նետել քաղաքապետարանի դիմաց:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից կթանկանա 50 դրամով եւ կկազմի 150 դրամ: Տրոլեյբուսում երթեւեկելը կարժենա 100 դրամ՝ ներկայիս 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներում կամ միկրոավտոբուսներում երթեւեկելը՝ 150 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն: Չի փոխվի միայն մետրոյի ուղեվարձի գինը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am