Այսօր Հայաստանում հասունացել է հեղափոխական մթնոլորտը: Այս  մասին, այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով. «Մարդիկ հանդուրժում են արատավոր ռեժիմներին, քանի դեռ հեղափոխությունը չի դառնում անհրաժեշտություն նրանցից ազատվելու համար»:

Նրա խոսքով, հանրությունը չի ուզում ապրել այնպես ինչպես մինչ օրս ապրել է, բայց ժողովրդին ուղղորդող քաղաքական ուժ չկա: Ստեղծված իրավիճակում, Ղուկասյանը կարծում է, որ  քաղաքացիական եւ ԱԺ-ում ներկայացված այն ուժերը, որոնք սերտաճած չեն քրեաօլիգարխիկ համակարգի հետ, իրենց ուժերը պետք է մոբիլիզացնեն եւ իրենց ուսերի վրա վերցնեն հեղափոխության իրականացման ծանր բեռը:

«Հանրությունը զայրացած է եւ գտնվում է այնպիսի վիճակում, որ ցանկացած կայծ կարող է բերել դժգոհության, ինչը կարող է դառնալ անկառավարելի»,- ավելացրեց Անդրիաս Ղուկասյանը, հավելելով, որ ճնշման արդյունքում, հնարավոր է, Եգիպտոսի սցենարը կրկնվի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am