Ամառվա առաջին կեսին ես հասցրի լինել Հայաստանի հինգ մարզերում, ինչպես նաեւ Մոսկվայում, Վաշինգթոնում, Բրյուսելում եւ Ստամբուլում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղ է եղել եւ ինչով է զբաղվել ապրիլի 9-ի դեպքերից հետո:

Նրա խոսքով՝ այսօր եւ վաղը ինքը կայցելի Հայաստանի մի քանի մարզեր, որից հետո կավարտի իր շրջագայությունը հանրապետությունում եւ կպատրաստվի աշնանը տեղի ունենալիք «համահայկական շարժմանը»:

Անդրադառնալով ապրիլի 9-ի դեպքերին, Հովհաննիսյանը նշեց, որ այդ օրը շատ մարդկիկ սեփական հավակնոտ սպասումներն են ունեցել, մասնավորապես, որ կարելի է մեկ ժամում ամեն բան փոխել: «Ըստ ամենայնի, այստեղ կա նաեւ իմ մեղքը, քանի որ ես շատ ինքնավստահ էի ինձ պահում: Միաժամանակ, մարդկանց մեծ մասը, որոնք փետրվարի 18-ին քվեարկեցին իմ օգտին, ապրիլի 9-ին նստել էին իրենց տներում եւ իրադարձություններին հետեւում էին օնլայն՝ սպասելով երկրում այսրոպեական փոփոխությունների»,-ընդգծեց «Ժառանգության» առաջնորդը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am