Հայաստանի գլխավոր դատախազությունում ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրության արդյունքում, հուլիսի 17-ի դրությամբ, առանձնացվել են 6 նյութեր եւ ուղարկվել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ազգային ժողովից ստացված ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան եւ պալատի կայքում տեղադրված 17 ընթացիկ հաշվետվությունների ուսումնասիրության ընթացքում 2013թ. հուլիսի 1-ին պալատից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք դեռեւս չեն ստացվել:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել հետեւյալ նյութերը.

-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային եւ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

- ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում ուսումնական հաստատությունների հիմնանորոգման, գույքի եւ սարքավորումների ձեռք բերման, հանրակրթական ուսուցման (Աշտարակի, Վաղարշապատի թիվ 10, Մասիսի թիվ 5, Սեւանի Խ.Աբովյանի, Վանաձորի թիվ 17, Գյումրու թիվ 42, թիվ 45, Հրազդանի թիվ 13, Եղեգնաձորի եւ Դիլիջանի ավագ դպրոցներ), համակարգչային եւ ինտերնետային կապի ծառայություններ ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

- Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային եւ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

-ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորգման, ավտոճանապարհների պահպանման եւ շահագործման, հեռահաղորդակցության եւ կապի կանոնակարգման ծառայությունների, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործման ծրագրերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային, դրամաշնորհային եւ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ,

-Հայաստանի Հանրապետությանը տրամադրված օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների վարկային դրամաշնորհային եւ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Արփա-Սեւան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կատարված ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: