Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը պատրաստ է բողոքի ակցիայի մասնակիցների մի խմբի ընդունել եւ քննարկել հուզող հարցերը, սակայն ակտիվիստները ցանկանում են, որ պաշտոնյաները դուրս գան եւ շենքի դիմաց իրենց հանդիպեն: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

«Անընդունելի է այս տեսակ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ, այսպես չի կարելի հայի հետ վերաբերվել: Սա դավադիր իշխանություն է, հայ ժողովրդի, աղքատների մասին չի մտածում, միայն իր գրպանի, հարուստների մասին է մտածում: Սա ժողովրդի քաղաքապետարանն է, դուրս եկեք ձեր թաքստոցներից, ժողովրդի երեսին նայեք, եթե կարող եք»,- հայտնեց բողոքի ակցիային մասնակցող մի կին: Իսկ ցուցարար երիտասարդներից մեկը, անդրադառնալով քաղաքապետարան մտնելուն եւ հանդիպելուն, ասաց, որ չի ցանկանում ոտքերը կեղտոտել, եւ եթե պաշտոնյաները երես ունեն, թող իրենք դուրս գան:

Ցուցարարներից Արծվինն էլ նշեց, որ այս պայմաններում, երբ տրանսպորտի վիճակը այսքան վատ է` թե մեքենաների բեռնվածությունը, թե երթեւեկության հաճախականությունը, բարձրացնել տրանսպորտի ուղեվարձն անընդունելի է: «Մի քանի չինական անորակ ավտոբուս են բերել, դրանք շատ ուշ են գալիս, ի՞նչ է նշանակում 150 դրամ դարձնել երթուղայինը, երբ ոչ աշխատավարձ ես բարձրացնում, ոչ էլ որակ ես ապահովում»,- ասաց ցուցարարը` շեշտելով, որ այս թանկացումը գազի գնով չի պայմանավորված, սրանով իշխանությունը փորձում է ժողովրդին պահել ծնկաչոք վիճակում:

Ցուցարարները շեշտում են, որ տարիների ընթացքում հասկացել են, որ նամակներով, դիմումներով հարց չի լուծվում, դրանք ստանալուն պես պաշտոնյաները նետում են աղբարկղը, բայց եթե քաղաքացիները իսկապես ոտքի կանգնեն, եւ 200 հոգու փոխարեն 2000 հոգի դուրս գա բողոքի ակցիայի, ապա իրենց հետ հաշվի կնստեն:  Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անցկացնողների հետ հանդիպման էր եկել Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց խնդիրն է տարբեր կարծիքները, մոտեցումները բերել ընդհանուր հայտարարի, կայացնել այնպիսի որոշում, որը համեմատաբար ընդունելի կլինի կողմերի համար: Նա տեղեկացրեց, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացում պահանջողները քննարկման ժամանակ պատճառաբանում էին, որ իրենց ծախսերը ավելին են, այլեւս չեն կարող 100 դրամով վարել եւ այլն:  «ՀԽ-ն մեկ անգամ եւս ասում է, որ ինքը գին որոշող չի, Կառավարության մարմին չէ, ընդամենը կարող է լսել կողմերին, տալ որոշակի երաշխավորություններ, շարունակել քննարկումները, բանակցությունները: ՀԽ-ում քննարկում եղել է, բայց մենք գին որոշող չենք, ընդամենը ասել ենք` շարունակել քննարկումները եւ գտնել այն միջինը, որը կարող է բավարարել եւ հանրությանը, եւ մյուս կողմին»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:

Նա շեշտեց, որ պետք է փորձեն մեկ անգամ եւս քննարկել այս հարցը քաղաքապետարանի հետ, դիտարկել նրանց փաստարկները, գուցե հաջողվի այս հարցը քննարկել Կառավարության հետ: Վազգեն Սաֆարյանի խոսքով` ՀԽ-ն եւ Երեւանի քաղաքապետարանը մեկ հարցում համակարծիք են` պետք է հանրային տրանսպորտի սպասարկման որակը բարձրացվի, վարորդները չաշխատեն 14 ժամ, գերբեռնված ավտոբուսներ չլինեն: Նա առաջարկում է քննարկումներին մասնակից դարձնել նաեւ ներկայացուցիչներ ցուցարարներից եւ միասին գալ ընդհանուր եզրահանգման:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից կթանկանա 50 դրամով եւ կկազմի 150 դրամ: Տրոլեյբուսում երթեւեկելը կարժենա 100 դրամ՝ ներկայիս 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներում կամ միկրոավտոբուսներում երթեւեկելը՝ 150 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն: Չի փոխվի միայն մետրոյի ուղեվարձի գինը: Այս առիթով Երեւանի քաղաքապետարանի մոտ, այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 11-ին, սկսվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ տրանսպորտի գնի բարձրացման:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am