Պետք է ավելի ակտիվ քարոզչական աշխատանք տանել հատկապես արցախցիներին՝ Արցախում իրականացվող տնտեսական նախագծերում ներգրավելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ ԼՂՀ ԱԳՆ կազմավորման 20-ամյակի առթիվ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ ԱԳՆ ստորաբաժանումների պատասխանատուները եւ արտերկրում ԼՂՀ ներկայացուցիչները:
ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ վարչապետը կարեւորել է արտգործնախարարության դերակատարությունը պետականաշինության գործընթացում եւ բարձր գնահատել Արցախի Հանրապետությունը` իբրեւ զարգացող ժողովրդավարական երկիր, արտաքին աշխարհին ներկայացնելու ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող գործունեությունը:
Ա. Հարությունյանը դիվանագետներին տեղեկացրել է հայրենանպաստ ծրագրերում եւ մի շարք այլ ոլորտներում կառավարության կողմից ներդրողներին առաջարկվող շահավետ պայմանների մասին, հույս հայտնելով, որ արտաքին քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքը այսուհետ ավելի արդյունավետ կլինի:
Արտգործնախարար Կարեն Միրզոյանը կարեւորել է հանդիպումը կատարված աշխատանքը ամփոփելու, ձեռքբերումներն ու բացթողումները ի մի բերելու տեսանկյունից: Նա ընդգծել է, որ կառավարության ղեկավարի գնահատականը եւ տված հանձնարարականները կօգնեն համակարգելու եւ կազմակերպելու հետագա ծրագրերը:





























