Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4,4 %-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով շտապ հավաքագրված տվյալների վրա: Հիշեցնենք, որ տնտեսական ակտիվությունը հունվար-մայիսին 5,3 տոկոս էր, իսկ հունվար-ապրիլին՝ 7.4 տոկոս:

Նախորդ տարվա առաջին 6 ամիսների համեմատ արդյունաբերության աճը կազմել է 8,3%, գյուղատնտեսությանը՝ 2,1 տոկոս: Ընդ որում՝ արդյունաբերության աճը տնտեսության մյուս ճյուղերի համեմատ ամենաբարձրն է: Շինարարության ծավալը նվազել է 8.8 %-ով:

Ծառայությունների ոլորտը գրանցել է  4,4 տոկոս աճ:

Առեւտրի շրջանառությունը հունիսին կազմել է 185 մլրդ դրամ՝ 6,7 %-ով գերազանցելով նախորդ ամսվա ցուցանիշը;

Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4.9%-ով, սա այն պարագայում, երբ հունիսին մայիսի համեմատ գրանցվել է էլեկտրաէներգիայի արտադրության 20,7% աճ (հունիսին արտադրվել է 615.3 մլն կՎտ/ժամ): Նշենք, որ սովորաբար ամռան ամիսներին տեղի է ունենում էլեկտրաէներգիայի արտադրության աճ՝ հովացման համակարգերի աշխատեցման պատճառով;

Միջին աշխատավարձը հունիսին կազմել է 144.3 հազ. դրամ` գործնականում անփոփոխ մնալով մայիսի համեմատ, սակայն նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 2.3% աճ: