Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության հոգեւոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը չի ցանկանում խոսել իր եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի հարաբերությունների մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նշեց, որ իր վերաբերմունքը հստակ արտահայտել է նախորդ հարցազրույցներում, որեւէ ավելացնելու բան չունի, եւ այժմ հարցազրույց, մեկնաբանություն տալու անհրաժեշտություն չի տեսնում:
«Ես եկեղեցու զինվորն եմ եւ պատրաստ եմ ծառայել եկեղեցում որեւէ մի տեղ».- ասաց Տեր Հակոբը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով «Ա1+»-ը, Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը աշխատանքից ազատել է Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության հոգեւոր հովիվ Տեր-Հակոբ քահանա Խաչատրյանին:
Կայքի տեղեկություններով` պատճառը հուլիսի 7-ին Հ 2 հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Չենք սպասում» հաղորդման ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մի արտահայտությունն է եղել, ըստ որի՝ «Տեր- Հակոբը 1000 Կճոյան արժի»: «Մեր տեղեկություններով Կճոյանն անձամբ այս հաղորդումը չի նայել, նրան տեղյակ են պահել:Առաջնորդական փոխանորդի հրամանից հետո, նրան են այցելել Արարատ երիտասարդաց միության հոգաբարձուները, որոնք Կճոյանից ցանկացել են տեղեկանալ Տեր- Հակոբի ազատման պատճառների մասին; Թեմի առաջնորդը նրանց պատասխանել է. «Եթե ես ձեզ պատճառն ասեմ, ուրեմն ձեզ բացատրություն եմ տալիս; Իսկ ես ձեզ բացատրելու բան չունեմ»:
Այնուհետեւ Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի հաղորդագրության մեջ նշվում է թե Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության հոգեւոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ոչ թե ազատվել է հոգեւոր սպասավորությունից, ոչ թե կարգալույծ է արվել, այլ սեփական դիմումի համաձայն տեղափոխվել է Երեւանի Սբ. Երրորդություն եկեղեցի՝ իր ծառայությունն այնտեղ իրականացնելու համար: ««Արարատ» հոգեւոր միության նոր պատասխանատու է նշանակվել Տեր Դանիել քահանա Բաղումյանը, ով մինչ այդ սպասավորում էր Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հայ Առաքելական Եկեղեցում նման տեղափոխությունները շատ բնականոն են եւ այնքան հաճախ են լինում, որ զարմանալի է, թե ինչու է այս մեկը նման անտրամաբանական աղմուկ առաջացրել: Ցավալի է, որ հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում հնչած «ոչ կոռեկտ» արտահայտությունը լրատվամիջոցները մեկնաբանել են որպես տեղափոխման պատճառ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման իրողությունները չեն կարող պատճառ լինել Եկեղեցու ներքին հարցերի կարգավորման համար»,- նշել են հայտարարության հեղինակները:





























