Մայիսին Սեւանա լճի հիդրոքիմիական ուսումնասիրությունների համար նմուշներ վերցվել են Փոքր Սեւանի 8 դիտակետից: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ը: Յուրաքանչյուր դիտակետից վերցվել են փորձանմուշներ եւ´ մակերեւույթից, եւ տարբեր խորությամբ կտրվածքներից. ընդհանուր առմամբ 28 փորձանմուշ: Վերցված փորձանմուշներում որոշված ցուցանիշներից, ըստ ձկնատնտեսական նորմաներով գնահատման, գերազանցվել են ԹԿՊ5-ի, ամոնիում իոնի, ԹՔՊ-ի, մագնեզիումի, վանադիումի, քրոմի սահմանային թույլատրելի նորմաները:
Սեւանա լճից վերցված փորձանմուշներում 1,1-1,2 անգամ գերազանցվել է ամոնիում իոնի, 1,2-1,4 անգամ`մագնեզիումի, 4,9-5,4 անգամ` վանադիումի եւ 1,1-1,8 անգամ` քրոմի սահմանային թույլատրելի նորմաները:
Որոշված մյուս ցուցանիշների պարունակությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Նշենք, որ մետաղների նորմայից ավելի կուտակումները ջրում հիմնականում հետեւանք են լեռնային գետերի հոսքերի, ինչպես նաեւ ափամերձ շրջանների աղտոտվածության:





























