Օրեր առաջ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Գոլեցյան փողոցում վթարվել է ստորգետնյա խմելու ջրի խողովակը եւ խմելու ջուրը լցվել է ոռոգման ջրով առվի մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեցին Արտաշատ քաղաքի Գոլեցյան փողոցի բնակիչները:
Խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար զանգահարեցինք «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կենտրոն արեւմտյան մասնաճյուղի տնօրեն Ֆելիքս Մելիքյանին. նրա քարտուղարուհին պատասխանեց, որ Մելիքյանը տեղում չէ: Քարտուղարուհին տվեց համապատասխան մասնագետի հեռախոսահամարը, որի հետ եւս չհաջողվեց զրուցել: Ի դեպ, մի քանի օր է, ինչ չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել:
Բնակիչները ահազանգում էին, որ Արարատի մարզում սնկի նման աճող ձկնաբուծարանները ջրի պակաս երբեւէ չեն ունենում, այն դեպքում, երբ անջուր մնացած հողատարածքները սպասում են ոռոգման ջրի: Իսկ ամռան ամիսներին ցանկատարածքները ջրելը բնակիչների փոխանցմամբ իսկական պատուհաս է դարձել գյուղացիների համար:
Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Արարատի մարզի Մասիս քաղաքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանից: «Ես տեղյակ եմ բնակիչների խնդրին, նրանք դիմել են ինձ ոռոգման ջրի հետ կապված : Ինքս դիմել եմ ջրային կոմիտեի նախագահ պրն. Անդրեասյանին, որը խոստացավ ուսումնասիրել եւ կարգավորել խնդիրը եւ ես հուսով եմ, որ իր խոստումը մի երկու օրում կկատարի»,- փոխանցեց ԱԺ պատգամավորը: Այնինչ` այդ տարածաշրջանի բնակիչների ոռոգման ջրի հետ կապված խնդիրը այդպես էլ մնում է չլուծված:



























