Չի բացառվում, որ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի նոր ղեկավար դառնա ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին՝ Արտակ Պետրոսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Պետրոսյանի եղբայրը` ՀՀԿ-ական, Երեւան քաղաքի ավագանու անդամ, «Կայզեր» սուպերմարկետների ցանցերի սեփականատեր Արթուր Պետրոսյանը:
Դիտարկմանը, թե լուրեր են շրջում, որ իր եղբայրն է լինելու Մալաթիայի թաղապետ եւ սպասում է, որ 25 տարին լրանա, նա արձագանքեց. «Հնարավոր է, ի՞նչ կա որ»:
Նշենք, որ Տարոն Մարգարյանի վերընտրվելուց հետո Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանն աշխատանքի է անցել քաղաքապետարանում: Արթուր Պետրոսյանից, ով 2009թ-ից Երեւան քաղաքի ավագանու անդամ է, միաժամանակ քաղաքապետարանի ֆինանսական եւ իրավաբանական հանձնաժողովի անդամ, հետաքրքրվեցինք, այս ընթացքում ինչ բարեփոխումներ է կատարվել, ինչին նա պատասխանեց. «Բարեփոխումները շատ են»: Իսկ, երբ խնդրեցինք նշել դրանցից մեկը, ասաց. «Չեմ հիշում»:
Նրա խոսքով՝ ավագանու անդամ լինելուց զատ ինքը զբաղվում է նաեւ գործարարությամբ:





























