Վերանորոգման աշխատանքները Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհին (Սելիմի լեռնանցք) արդեն սկսվել են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը:

Միջոցներ հատկացնելու կառավարության համապատասխան որոշումը կայացվել էր նախանցած նիստի ընթացքում: «Անհրաժեշտ է աշխատել առավելագույն տեմպերով, որ աշխատանքները հնարավորինս շուտ ավարտվեն»,- ասել է Քոչինյանը:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, որ վերոհիշյալ ճանապարհի 112-րդ կիլոմետրին` Քարագլուխ գյուղի մոտ, գարնանային հորդառատ անձրեւների հետեւանքով ճանապարհի լանջը փլուզվել է, ինչի արդյունքում երթեւեկությունը խիստ սահմանափակ է: Տվյալ հատվածում երթեւեկել թույլատրվում է միայն մարդատար ավտոմեքենաներին: Բեռնատարների երթեւեկությունը արգելված է` հետագա փլուզումներից խուսափելու համար: Մասնագետներն ուսումնասիրել են ճանապարհի վիճակը, որոշվել է վթարայնության մակարդակը, իրականացվել են նախագծման աշխատանքներ, ճշտվել է վերանորոգման համար անհրաժեշտ գումարի չափը: Այս խնդրի լուծման համար նախարարությունը դիմել էր կառավարությանը` տենդերի անցկացման ժամկետները առավելագույնս կրճատելու: Վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար կպահանջվի առնվազն 15-20 օր: