Համացանցում հայտնվել է տեսագրություն, որում Քիշնեւի մանկական հիվանդանոցի բժիշկները հիվանդներին վիրահատում են կենցաղային շաղափիչի եւ ժանգոտ հարթաշուրթի միջոցով: Դա առաջացրել է հասարակության եւ Մոլդովայի վարչապետի վրդովմունքը, փոխանցում է «Ռոսբալթը»:

Վարչապետ Յուրի Լյանկեն պահանջել է առողջապահության նախարարից անմիջապես հետաքննել այդ դեպքը եւ պատժել մեղավորներին, եթե շինարարական գործիքները վիրահատության համար օգտագործելու փաստը հաստատվի: Շաղափիչով եւ հարթաշուրթով իրականացվող վիրահատությունը նկարահանել, YouTube-ում են տեղադրել եւ pan.md կայքին են ուղարկել հենց մանկական հիվանդանոցի բժիշկները:

Ընդ որում, հիվանդանոցի աշխատակիցները, մեկնաբանելով տեղի ունեցողը, հայտարարել են, որ հիվանդանոցի ղեկավարությունը տնտեսում է որակյալ գործիքների հաշվին: Կյանքեր փրկելու համար բժիշկները ստիպված են շուկաներից գնել սովորական կենցաղային գործիքներ: Բժիշկները հայտարարել են, որ տեսագրության հրապարակումը «հուսահատ քայլ էր»:

Սակայն հիվանդանոցի տնօրենն իր վարկածն ունի: Նա ամբողջ մեղքը բարդում է ենթակաների վրա: Ըստ նրա՝ տեսագրությունում ցուցադրված գործիքները շինարարական չեն, այլ բժշկական, իսկ գործիքների վրա ժանգի առկայությունը նա բացառել է՝ նշելով, որ դրանց գույնը փոխված է հակաինֆեկցիոն նյութերի կիրառման պատճառով, փոխանցում է Topnews-ը: