Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, հուլիսի 22-ին, դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ կոչ անելով բարեփոխել ազգային օրենսդրությունը, որպեսզի այսուհետ արգելվի ուժի գործադրումը, այդ թվում նաեւ՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազի կիրառումը: Եվրոպացի դատավորները համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել Ստամբուլի բնակչուհի Ներգիզ Ըզցիի գործը քննելուց հետո: 2006թ. մարտին Ներգիզը մասնակցել էր Կանանց միջազգային օրվան նվիրված ցույցին, որն ավարտվել էր ոստիկանության հետ բախումներով:
«Դատարանը վճռել է, որ ինչպես Թուրքիայի դեմ նմանատիպ այլ բազմաթիվ գործերի դեպքում, ոստիկանները նախքան ամբոխը ցրելը հանդուրժողականության եւ զսպվածության որոշակի աստիճան չեն դրսեւորել, որն ագրեսիվ չի եղել եւ հասարակական կարգուկանոնին չի սպառնացել», - նշել են ՄԻԵԴ-ում:
Դիտելով բախումների ականատեսների տեսագրությունը՝ դատավորները նշել են, որ ոստիկանները ցուցարարներին չեն խնդրել ցրվել, այլ միանգամից արցունքաբեր գազ են կիրառել:
«Դատարանը վճռել է, որ Թուրքիայում արցունքաբեր գազ կիրառելու վերաբերյալ հստակ եւ որոշակի հրահանգների բացակայությունը հանգեցրել է ոստիկանների կողմից նման միջոցների չարաշահմանը», - ընդգծել են ՄԻԵԴ-ում: Դատավորները նաեւ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ թուրք ոստիկանները թաքցրել են իրենց դեմքերը՝ հետագա դատական վարույթների ընթացքում չճանաչվելու նպատակով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ստրասբուրգի դատարանում հիշեցրել են, որ ավելի վաղ «Թուրքիայի դեմ» արդեն դիտարկվել են նմանատիպ ավելի քան 40 գործեր: Դրանցից գրեթե կեսի դեպքում ապացուցվել է թուրքական քննչական մարմինների մեղքը, որոնք չեն կարողացել հարկ եղածի պես իրականացնել անհրաժեշտ հետաքննություն: ՄԻԵԴ-ը պետք է դիտարկի եւս 130 գործեր, որոնք վերաբերում են Թուրքիայում հավաքների ազատության իրավունքներին:
«Դասակարգելով այդ խնդիրները որպես համակարգային՝ դատարանը խնդրել է թուրքական իշխանություններին միջոցներ ձեռնարկել հետագայում նման խախտումներից խուսափելու համար»,-ասվում է որոշումում, որը կարող է բողոքարկել կողմերից մեկը՝ առաջիկա 3 ամիսների ընթացքում: Բացի այդ, ՄԻԵԴ-ի որոշմամբ Ըզցին 20 հազար եվրոյի փոխհատուցում կստանա:





























