Թուրքիայի օրինակն աչքներիս առջեւ է եւ այն մեր քաղաքական գործիչներին ոչինչ չի սովորեցնում, ասված է censor.net ուկրաինական պորտալում՝ Լեհաստանի Սենատում «վոլինյան ջարդերի» 70-րդ տարեդարձին նվիրված բանաձեւի առիթով:
Գաղտնիք չէ, որ Անկարայի կողմից համառորեն հայերի ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու ցանկության բացակայությունը այն պատճառներից մեկն է, որի համար Թուրքիան արդեն գրեթե կես դար կանգնած է Եվրամիության նախամուտքին՝ առանց այդ նախամուտքից այն կողմ անցնելու որեւէ հույսի:
Հոդվածում նշվում է, որ «բոլորովին վերջերս ղրիմյան թաթարների մեջլիսի ղեկավար եւ «Բատկիվշչինայից» ժողովրդական պատգամավոր Մուսթաֆա Ջեմիլեւը հիստերիա էր բարձրացրել՝ հայտարարելով, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթղթի ընդունման դեպքում, որը նախաձեռնել են կուսակիցները, ինքը կլքի խմբակցությունը: Ընդ որում, իր դիրքորոշումը Ջեմիլեւը միանգամայն ինքնատիպ էր մեկնաբանել: Ըստ նրա՝ Ուկրաինայում թուրքերն ավելի շատ են, քան հայերը, նշանակում է՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու հավանականություն ավելի մեծ է: Բացի այդ, Ջեմիլեւի վարկածով, արտաքսման հետեւանքով հայերից ավելի շատ ղրիմյան թաթարներ են զոհվել: Ահա թե ինչպիսին է պարոն Մուսթաֆայի վիճակագրությունը: Թող այն նրա խղճի վրա ծանրանա, գրում է aspekti.net-ը:
Հիշեցնենք, Ուկրաինայի գերագույն ռադայում հունիսի 6-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ էր գրանցվել: Նախաձեռնության հեղինակները պատգամավորներ Վիլեն Շատվորյանն (Ռեգիոնների կուսակցություն) ու Արսեն Ավակովն («Բատկիվշչինա») են:
Նախաձեռնությանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ԱԳՆ-ն:
Նշենք, ուկրաինացի պատգամավորները, մտավորականության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները եւ հասարակական կազմակերպությունները ակտիվ կերպով Ուկրաինայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարություններ են հնչեցնում:




























