ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի քաղաքացիական հասարակության ֆորումի մշտական կոմիտեի համանախագահ Քրիստոֆ Բոբինսկին դիմել է Եվրախորհրդարանի քաղաքական խմբակցությւոնների ղեկավարներին՝ կոչ անելով դիտորդներ ուղարկել Ադրբեջանի նախագահական ընտրությունները դիտարկելու համար: Այդ մասին Turan-ին հայտնել է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Անար Մամեդլին:
Բոբինսկիի ուղերձում նշվում է միջազգային դիտորդների կարեւոր դերը ընտրությունների ընթացքում խախտումները կանխելու հարցում: Մյուս կողմից ԵՄ դիտորդներ ուղարկելն աջակցություն կլինի տեղական դիտորդներին:
Հուլիսի 13-ին ԵՄ ժողովրդավարության աջակցման եւ ընտրությունների համակարգման խումբը օրակարգից հանել էր Ադրբեջանում ընտրությունները դիտարկելու հարցը: Սակայն վերջնական որոշում կայացվելու է սեպտեմբերի 5-ին:
Բոբինսկին նշել է, որ դիտորդներ չուղարկելու որոշումը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շրջանում եւ ուրախությամբ ընդունվել իշխանությունների կողմից:





























