Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում ուղեւորուհուց խլել են ատրճանակ հիշեցնող կրունկներով կոշիկները, հաղորդում է ABC News-ը: Նման որոշում են կայացրել տրանսպորտային անվտանգության վարչության ներկայացուցիչները:

Գերատեսչության ներկայացուցիչների տվյալներով՝ կինը կոշիկներն ինքնակամ է հանձնել, երբ նրան բացատրել են, որ օդանավ չի կարելի բարձրացնել ոչ զենք, ոչ էլ դրա պատճենները: Թե ուր էր թռչում կինը, չի մանրամասնվում:

ABC News-ը նշում է, որ նման կոշիկներ ձեռքբերել հնարավոր է խանութներում՝ 60-120 դոլարով:

Վերջերս գերատեսչությունը հաշիվ է բացել Instagram-ում, որտեղ տեղադրում է այն զինատեսակների լուսանկարները, որոնք ուղեւորները փորձում են անցկացնել առանց համապատասխան փաստաթղթերի: Այդ էջին բաժանորդագրվել է ավելի քան 45 հազար մարդ, փոխանցում է Lenta.ru-ն: