Հայաստանը մի պահ ցանկացել է պայմանագիրը խզել ֆրանսիական «Սաֆեժ» ընկերության հետ, սակայն մեկ ամսվա ընթացքում նրանք կարողացել են վերացնել առաջացած բոլոր թերությունները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ այդ ընկերության այսօրվա աշխատանքների ընթացքից գոհ է:
Նշենք, որ «Սաֆեժ» ընկերությունը «Հյուսիս-հարավ» ծրագրի տեխնիկական եւ ճարտարագիտական վերահսկողություն իրականացնող ընկերությունն է:
Անրի Ռենոն իր հերթին ասել է, որ ինքը նույնպես տեղյակ է եղել «Սաֆեժ»-ի հետ կապված խնդիրներին, ուրախ է, որ դրանք արդեն վերացվել են:
Դեսպանը կարեւորել է նաեւ երկու երկրների համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում՝ նշելով, որ Հայաստանում երրորդ բջջային օպերատոր «Օրանժ» ընկերությունը կատարել է մի շարք բարելավումներ, իրականացրել բազմաթիվ ծրագրեր:
Հանդիպմանը նախարար Գագիկ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ տնտեսական համագործակցության տարբեր բնագավառներում ֆրանսիական ընկերությունները Հայաստանում սպասված են եւ մեծ հեռանկարներ ունեն գործունեության ծավալման եւ փորձի փոխանակման առումով։




























