Եվրամիության կողմից ճնշումներ չկան, Հայաստանը ազատ է կատարել ինքնակամ որոշում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Եվրամիության հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է նախապատվություն տա ԵՄ Ասոցացման համաձայնագրին եւ ոչ թե Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցությանը:
«Ես վերջերս Հայաստանում էի եւ չհանդիպեցի մեկին, ով կասեր, թե մենք ճնշում ենք մեր գործընկերներին` ընտրություն կատարել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Արեւելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ ես նշեցի, որ Արեւելյան գործընկերության ծրագիրը իր Ասոցացման համաձայնագրով նպատակ ունի ամրապնդել մեր գործընկերների հնարավորությունները եւ դիրքերը տարածաշրջանում, ինչպես նաեւ խրախուսել հարեւան երկրների հետ իրենց ավանդական հարաբերությունները», - ասել է Ֆյուլեն:
Հիշեցնենք` երեկ Բրյուսելում ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ հանդիպում էին ԵՄ 28 եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների 6 արտաքին գործերի նախարարներ` քննարկելու իրենց երկրների հարաբերությունները ԵՄ հետ: Այսօր արդեն Էշթոնի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովի հաջողությունը հիմնականում կախված է գործընկեր երկրների ջանքերից:





























