Հոլիվուդի Եգիպտական թատրոնում կայացել է Արամ Խաչատրյանի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ըստ Asbarez-ի, երկու ժամ տեւողությամբ ժապավենը նվիրված է կոմպոզիտորի 110-ամյակին: Այն պատմում է մեծ կոմպոզիտորի բուռն կարիերայի մասին՝ միաժամանակ ներկայացնելով արտիստների համար խորհրդային ռեժիմի դաժան իրողությունները: Ցուցադրությունը կազմակերպվել էր Լոս Անջելեսում հայկական դիվանագիտական ներկայացուցչության եւ «ARPA» կինոփառատոնի համատեղ ջանքերի արդյունքում:

Ֆիլմում Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը ներկայացվում են կոմպոզիտորի եւ նրա ընկերների հիշողությունների միջոցով. դասական երաժշտության նկատմամբ նրա կիրքը, առաջին ձեռքբերումներն ու առաջին անհաջողությունները, ընկերների դավաճանությունը, արատավոր միջավայրի դեմ պայքարը: Ֆիլմի հեղինակներ Դորա եւ Ռոբերտ Կուներն այս ամենը ներկայացրել են մինչ այժմ անհայտ մանրուքների միջոցով: