Սմոլենսկում լեհ դատախազը եւ չորս փորձագետներ 2010թ. ապրիլի 10-ին վթարի ենթարկված նախագահ Լեհ Կաչինսկիի օդանավի բեկորների լրացուցիչ ուսումնասիրություն են իրականացնում, հայտնել է Լեհաստանի Գլխավոր զինվորական դատախազությունը:
«Սմոլենսկում են գտնվում դատախազը եւ ֆիզիկաքիմիական հետազոտություններով զբաղվող չորս փորձագետներ»,- ասել է դատախազության պաշտոնական ներկայացուցիչ կապիտան Մարչին Մակսյանը:
Ըստ նրա` լեհական պատվիրակության ուղեւորությունը Սմոլենսկ նախապես համաձայնեցվել էր ռուսական կողմի հետ:
Լեհաստանի Գլխավոր զինվորական դատախազության ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները կհանձնվեն մասնագետներին` ավիավթարի պատճառների լրացուցիչ եզրակացության նախապատրաստման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախատեսվում է, որ լեհ փորձագետները Սմոլենսկում կաշխատեն մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ:
Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու Տու-154 օդանավը 2010թ. ապրիլի 10-ի առավոտյան վթարի էր ենթարկվել Սմոլենսկում` վայրէջք կատարելիս: Օդանավում եղել էր 96 մարդ` 88 ուղեւոր եւ անձնակազմի ութ անդամ: Ոչ ոք ողջ չէր մնացել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ներքին գործերի նախարար Եժի Միլլերի ղեկավարած լեհական հանձնաժողովը հաստատել էր, որ թռիչքի ընթացքում բազմիցս խախտվել էր «լուռ խցիկի» կանոնը: Լեհական ամփոփիչ զեկույցում ասվում էր, որ վթարի պատճառներից մեկն է եղել նաեւ օդաչուի երկրորդ պտույտ կատարելը: Բախման մասին նախազգուշացնող համակարգը միացված չէր եղել, աձնակազմը բազմաթիվ սխալներ էր թույլ տվել վայրէջք կատարելիս:





























