Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը պաշտոններից ազատել է կառավարության բոլոր անդամներին, ինչպես նաեւ` վարչապետին: Այս մասին այսօր հայտնել է Հարավային Սուդանի տեղեկատվական գործակալությունը:
Ըստ նրա` պետության ղեկավարը նախարարների տեղակալներին հանձնարարել է կատարել գերատեսչությունների ղեկավարների պարտականությունները՝ մինչեւ նոր կառավարություն ձեւավորելը: Կիիրը նաեւ նախարարների քանակը 30-ից կրճատել է մինչեւ 18-ի: Ըստ ոչ պաշտոնական տեղեկության` կառավարությունը ցրելու պատճառը ծավալային փոփոխություններ կատարելու նախագահի մտադրությունն է եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Հարավային Սուդանը Սուդանից անկախացել էր 2011թ., սակայն երկու պետությունների միջեւ բազմաթիվ չլուծված հարցեր են մնացել, որն էլ վիճելի տարածքներում մշտական ռազմական բախումների պատճառ է:





























