Պեկինի իշխանությունները վճռել են արգելել դանակների վաճառքը՝ սուպերմարկետներում սառը զենքի կիրառմամբ երկրորդ խոշոր հաշվեհարդարից հետո, հայտնում է South China Morning Post հրատարակչությունը:

Օրերս Պեկինի սուպերմարկետների տերերին տեղեկացրել էին դանակների վաճառքը դադարեցնելու մասին:  Այդ վճիռը կայացվել էր  վերջին տարվա ընթացքում երկրորդ խոշոր զինված հարձակումից հետո: Հարձակումը խլել էր երեք խաղաղ բնակչի կյանք: Եվս երեքը վիրավորվել էին:

South China Morning Post-ը, վկայակոչելով Beijing times-ը, հայտնում է, որ ոստիկանության հրահանգը տրվել էր հատուկ գործողության հաջորդ օրը, որն անցկացվել էր ամբողջ քաղաքում։ Դրա ժամանակ առգրավվել էին 1123 դանակ եւ 327 ատրճանակ:

Այս տարվա հունվարից օրենք էր ընդունվել, ըստ որի Պեկինի խանութներում պարտավոր էին գրանցել  դանակներ ձեռք բերողների անունները: Համացանցից օգտվողները ծաղրել էին  այդ նորամուծությունը` այն անվանելով անարդյունավետ: Չէ՞ որ Պեկինի իշխանությունները դեռ 1983թ. փաստաթղթով ամրագրել էին դանակների գրանցման նախնական կանոնները: Զենքի պահպանումը պատժվում էր մինչեւ 15 օր կալանքով եւ 200 յուան տուգանքով, հաղորդում է Russia Today-ը:

Դանակների վաճառքի արգելքը սահմանվել էր նաեւ 2009թ. հոկտեմբերին, երբ Չինաստանի մայրաքաղաքում ընթանում էին  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 60-ամյա տարեդարձի տոնակատարությունները: Սակայն տոնակատարությունից հետո արգելքը վերացվել էր: