Երկրորդ օրն է Մեքսիկայի դաշնային ոստիկանության ջոկատները դառնում են երկրի արեւմուտքում գտնվող Միչոական նահանգի հանցագործների թիրախը: Երեքշաբթի զինված մարդկանց մի խումբ հարձակվել եւ վնասել է վեց ոստիկանի, հայտնում են  տեղի իշխանությունները:

Ըստ նախնական տվյալների`  ոստիկանների վրա հարձակվել էին, երբ նրանց ջոկատը շարժվում էին նահանգի ափամերձ ճանապարհներից մեկով: Հարձակումից անմիջապես հետո  հանցագործների որոնման գործողություն է սկսվել:

Սա Միչոականում Մեքսիկայի դաշնային ոստիկանության վրա կատարված արդեն երկրորդ հարձակումն է վերջին երկու օրերին: Երկուշաբթի օրը հանցագործները հարձակվել էին մեկ այլ ստորաբաժանման վրա եւ վնասել յոթ հոգու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միչոական եւ Գուանահուատո նահանգները համարվում են «Տամպլիերների  օրդենի ասպետներ» թմրակարտելի  տիրույթը: Այդ հանցախումբը  ի հայտ էր եկել 2011թ. սկզբին` անջատվելով «Միչոականցի ընտանիք» թմրակարտելից:  Այն ժամանակ նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի հայրենիք Միչոականի  գլխավոր քաղաքների փողոցներում միաժամանակ հայտնվել էին կարմիր խաչով սպիտակ տասնյակ դրոշներ, որոնց վրա գրված էր օրդենի ստեղծման մասին: «Ասպետների» եւ «Ընտանիքի» միջեւ ազդեցության ոլորտի համար դաժան մարտեր էին ծավալվել: