Ֆրանսիական Շոլե քաղաքի ղեկավարը քննադատության է ենթարկվել գնչուների հետ հանդիպումից հետո։ Նա ափսոսանք է հայտնել, որ Հիտլերը ժամանակին ավելի շատ չի կոտորել քոչվոր այդ ժողովրդի ներկայացուցիչներին, ինչից հետո հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում։
Գնչուների եւ քաղաքապետի միջեւ տարաձայնությունները սկսվել են Շոլեի Մեն ի Լաուրա դեպարտամենտում։
150 վրաններից բաղկացած գնչուական թափառախումբը կանգ էր առել Շոլե համայնքում։ Համայնքի քաղաքապետ Ժիլ Բորդոլյեն որոշել է գնչուների հետ բանակցություններ վարել եւ օգնականների հետ գնացել նրանց մոտ։
Քաղաքապետը գնչուներին առաջարկել է անհապաղ լքել հողերը, որոնք նախատեսված չեն թափառախմբի համար։ Ի պատասխան երիտասարդ գնչուները նրան «Հիտլեր» են անվանել եւ նացիստական ողջույն տվել, հայտնում է Russia Today-ը։
«Ափսոս, որ Հիտլերը ձեզ ավելի շատ չի կոտորել», - բացականչել է բարկացած քաղաքապետը։
Վիճաբանության վայրում ներկա է եղել Le Courier de l’Ouest թերթի թղթակիցը, որը ձայնագրել է քաղաքապետի խոսքերը եւ այն ուղարկել խմբագրություն։
Լուրն անմիջապես տարածվել է ողջ շրջանում:
Բորդոլյեն փորձել է արդարանալ եւ հայտնել է, որ իրեն ճիշտ չեն հասկացել, սակայն թերթի լրագրողները համացանցում տեղադրել են նրա խոսքերի ձայնագրությունը, որոնք կասկածի տեղ չեն թողնում:
Բորդոլյեի խոսքերին հետեւել է քաղաքական կուսակիցների անմիջական արձագանքը: Շոլեի քաղաքապետը ֆրանսիական «Դեմոկրատների եւ անկախների միության» հայտնի գործիչներից է, միությունը խորհրդարանի ստորին պալատում 31 պատգամավորական տեղ ունի:
Միության ղեկավար Ժան Լուի Բորլոն հայտնել է, որ կուսակցությունն անմիջապես միջոցներ կձեռնարկի քաղաքապետի դեմ, որն անընդունելի արտահայտություններ է թույլ տվել գնչուների հասցեին:
«Բորդոլյեի խոսքերը, նույնիսկ եթե դրանք նյարդային պոռթկման ժամանակ էին ասվել, անընդունելի են մեր արժեքների համար եւ անհամատեղելի Միության անդամի կոչմանը: Այս իրավիճակում միակ որոշումը կարող է լինել նրան կուսակցությունից հեռացնելը», - լրագրողներին հայտնել է քաղաքական միավորման քարտուղար Ժան Քրիստոֆ Լագարդը:





























