Բուլղարիայի պատգամավորներն այս առավոտ աշխատանքի չեն ներկայացել՝ գիշերը Սոֆիայում անցկացված բողոքի զանգվածային ցույցի պատճառով, որի մասնակիցները որոշ ժամանակով արգելափակել էին խորհրդարանի ելքը, հայտնում է  բուլղարական Novinite գործակալությունը:

Ըստ նրա՝ պատգամավորներին աշխատանքի չներկայանալու կոչ է արել խորհրդարանի նախագահ Միխայիլ Միկովը:

Գործակալությունը գրում է, որ խորհրդարանականները աշխատանքը կվերսկսեն իրավիճակի կայունացումից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գիշերը բողոքի ցույցի մասնակիցները արգելափակել էին խորհրդարանի ելքը՝ մայթերի սալիկներով եւ աղբամաններով արգելապատնեշներ ստեղծելով: Շենքում 100-ից ավելի մարդ է գտնվում, որոնց թվում կան կառավարության անդամներ եւ լրագրողներ: Սոֆիայի ոստիկանությունը միայն առավոտվա կողմ է կարողացել քանդել պատնեշները եւ ժամը 05:00-ին մարդկանց շենքից դուրս բերել: Ոստիկանները ցուցարարներին խմբերի են բաժանել ու ձեռնամուխ եղել պատնեշների վերացմանը: Հակակառավարական ցույցի ընթացքում տուժել է 10 մարդ:

Բուլղարիայում ցույցը սկսվել էր 40 օր առաջ՝ մեդիամագնատ Դելյան Պեեւսկիին ազգային անվտանգության պետական ծառայության ղեկավար նշանակելուց հետո:

Բողոքի ցույցերը սկսելուց հետո Պեեւսկին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, սակայն ցուցարարները շարունակել էին բողոքել՝ պահանջելով   ամբողջ կառավարության հրաժարականը: