Սիմոն Վիզենտալի իսրայելյան կենտրոնը Եվրոպայում ողջ մնացած նացիստ հանցագործների որոնում է սկսել: Նախկին նացիստների գտնվելու վայրի մասին տեղեկության համար շռայլ պարգեւ է նախատեսվում:

Կազմակերպությունը հայտնել է, որ Բեռլինում, Համբուրգում եւ Քյոլնում նախաձեռնությանն աջակցելու կոչերով պաստառներ են տեղակայվել՝ «Ուշ է: Բայց շատ ուշ չէ: Վերջին հնարավորություն II օպերացիա» կարգախոսով:

Բացի այդ, նման միջոցառումներ կանցկացվեն Ավստրիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում, Խորվաթիայում, Լիտվայում, Էստոնիայում եւ Լատվիայում, հայտնում է  Deutsche Welle-ն:

Սիմոն Վիզենտալի կենտրոնի ղեկավար Էֆրայիմ Զուրոֆֆի խոսքով՝ նախաձեռնությունն ակնկալում է եվրոպական երկրների աջակցությունը՝ պատժից խուսափած նացիստ հանցագործներին հայտնաբերելու եւ իրավապահներին հանձնելու հարցում:

Օգտակար տեղեկության համար կազմակերպությունը 25 000 եվրո պարգեւավճար է խոստանում:  Ընդ որում՝ նախկին նացիստների տարիքը քրեական հետապնդումը դադարեցնելու պատրվակ չի կարող լինել:  «Դա նրանց մեղքը չի նվազեցնում», - ընդգծել է Զուրոֆֆը: