ԿՀՎ-ն սկսել է փակել Աֆղանստանում իր բազաները՝ կապված երկրից ամերիկյան հիմնական զորակազմի հետագա դուրսբերման հետ, գրում է  The Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխանությունների անանուն ներկայացուցիչներին: Ընդհանուր առմամբ, առաջիկայում Վաշինգտոնը ծրագրում է բազաների թիվը ավելի քան 10-ից հասցնել 6-ի:

Մնալու է Քաբուլի բազան, որը հատուկ ծառայությունների՝ աշխարհի խոշորագույն համալիրներից է: Բացի այդ, իրենց աշխատանքները կշարունակեն Բահրամի, Քանդահարի, Մազարի-Շարիֆի, Ջալալաբադի եւ Հերատի բազաները: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Ամերիկյան հետախուզության եւ նախագահական վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցները պնդում են, որ ԱՄՆ-ն այլեւս Աֆղանստանում ԿՀՎ մեծաքանակ բազաների կարիքը չունի՝ պակիստանյան «Ալ-Կաիդայից» եկող սպառնալիքի թուլացման պատճառով: Ինչպես գրում է The Washington Post-ը, ներկայումս ավելի կարեւոր ուղղություն է համարվում Մերձավոր Արեւելքը, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկան, որտեղ ակտիվացել են «Ալ-Կաիդայի» կողմնակիցները: