Քեմբրիջի դուքսն ու դքսուհին իրենց որդու ծննդյան կապակցությամբ որոշել են խուսափել հասարակությունից նվերներ ընդունելուց: Այդ մասին ասվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

«Նրանք կարծում են, որ հանրության մեծահոգությունը պետք է ուղղված լինի առավել կարիքի մեջ գտնվող մարդկանց: Ուստի այն անձինք ովքեր կցանկանան նվեր անել նորածին արքայազնին լավ կլինի, որ դա տրամադրեն իրենց երկրում ապրող անապահով որեւէ երեխայի:

Այդ կապակցությամբ Երեւանում Բրիտանական դեսպանատունը տեղադրել է նվերների տուփ: Նորածին թագաժառանգի անունով ստացված ցանկացած նվեր կհավաքվի այստեղ եւ կտրամադրվի Հայաստանում ապրող որեւէ անապահով ընտանիքի երեխայի»,- գրված է էջում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ծննդաբերել էր հուլիսի 22-ի երեկոյան: Երեխան կշռում է 3,8 կգ: Մայրն ու երեխան իրենց լավ են զգում: Ծննդաբերությունից առաջ Քեյթը յոգայի կուրս է անցել:

Նորածինը երրորդն է բրիտանական թագի ժառանգների հերթում: Նա ստացել է Քեմբրիջի արքայազնի կոչումը, որն առաջին անգամ է օգտագործվում վերջին 190 տարում: Երեկ Քեյթն  ու նրա նորածին որդին լքել են Լոնդոնի Սուրբ Մարիայի հիվանդանոցը: Նրանց ուղեկցել է արքայազն Ուիլյամը: Հիվանդանոցից հեռանալուց առաջ երջանիկ զույգը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի: Արքայազնի խոսքով, նրանք դեռ մտածում են որդու անվանակոչման մասին: Դուքսն ու դքսուհին որդու հետ ուղեւորվել են Քենսինգթոնի պալատ: