Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը չի բացառում Հարավային եւ Հյուսիսային Օսիայում ապրող օս ժողովրդի միավորման հնարավորությունը:

«Եթե դա տեղի ունենա իմ նախագահության օրոք, ես կհամարեմ, որ կատարել եմ այն առաքելությունը, որը տվյալ դեպքում դրված է նախագահի վրա: Եթե դա տեղի ունենա, բնականաբար, մենք մեզ կտեսնենք Ռուսաստանի կազմում»,- ասել է Տիբիլովը ռուսաստանցի լրագրողներին՝ պատասխանելով Ռուսաստանի կազմում երկու Օսիաների միավորման հնարավորության մասին հարցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա՝  արհեստականորեն բաժանված օս ժողովուրդը կկարողանա միավորվել, անհրաժեշտ է բարդ իրավաբանական եւ քաղաքական աշխատանք:

Այնուամենայնիվ, ասել է նա, այսօր Հարավային Օսիան անկախ պետություն է, որը  «պետք է զարգանա այդ ուղղությամբ՝ ամրապնդելով իր պետականությունը»:

Երբ 2008թ. օգոստոսի 8-ի գիշերը վրացական զորքերը հարձակվել էին Հարավային Օսիայի վրա եւ ավերել մայրաքաղաք Ցխինվալիի մի մասը, Ռուսաստանը  զորքերը մտցրել էր հանրապետություն եւ հինգ օրվա մարտական գործողություններից հետո տարածաշրջանից դուրս մղել վրաց զինվորներին: Դրանից հետո ՌԴ-ն ճանաչել էր Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Ի պատասխան Թբիլիսին խզել էր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ եւ երկու անդրկովկասյան հանրապետությունները հայտարարել գրավյալ տարածքներ: