Հերթական անգամ ավանդական ճապոնական լապտերիկներ եւ կռունկներ կուղարկվեն Հայաստանից Ճապոնիա: Հուլիսի 24-ին 1000 կռունկներ եւ Հիրոսիմայի ռմբակոծության 68-րդ տարելիցը խորհրդանշող 68 լապտերիկներ արդեն ճանապարհ են ընկել: Այս առիթով «Հիկարի» կենտրոնում բարեկամության եւ համերաշխության թղթե խորհրդանիշների հետ հրաժեշտի ինքնատիպ միջոցառում է կայացել:
2005թ. օգոստոսին հայ-ճապոնական գիտակրթական «Հիկարի» մշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանի նախաձեռնությամբ հայ երեխաները պատրաստել եւ Հիրոսիմա էին ուղարկել առաջին ճապոնական ավանդական լապտերները՝ ի նշան համերաշխության եւ վշտակցության: Այդ ժամանակից ի վեր ակցիան տեղի է ունենում ամեն տարի, դրան միացել են երեխաներ այլ երկրներից: Անցյալ տարի հայկական պատվիրակությունը եղել էր Հիրոսիմայում, հայ երեխաներն անձամբ էին հանձնել լապտերները:
Լապտերների վրա երեխաները գրում են իրենց մաղթանքները՝ հիմնականում խաղաղության, մաղթանքներ, նկարում են Հայաստանի եւ Ճապոնիայի խորհրդանիշները՝ ազգային դրոշներ, հայկական նուռ եւ ճապոնական բալենի, Արարատ եւ Ֆուձի լեռները: Լապտերների պատրաստմանը մասնակցել են երեխաներ Հայաստանից, հայ երեխաներ Մակեդոնիայից, ԱՄՆ-ից եւ Իսրայելից: «Երեխաները պարզապես չեն նկարում, նրանք ուսումնասիրում են ճապոնական մշակույթը եւ պատմությունը», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է կենտրոնի փոխնախագահ եւ Ճապոներենի դասախոսների ասոցիացիայի անդամ Ռուզան Խոջիկյանը:
Բացի ավանդաբար ջուրն իջեցվող լապտերներից, Հայաստանից Ճապոնիայի Հիրոսիմայի խաղաղության թանգարանին նվեր կուղարկվի երեխաների ձեռքով պատրաստած մեկ այլ լապտերը, որին պատկերված են տարբեր ազգության մարդիկ, դրոշներ, եւ այդ ամենի վերեւում խաղաղ, կապույտ երկինքն է:
«Հայ ազգը լավ գիտի խաղաղության գինը: Մենք ձգտում ենք մեր ներդրումն ունենալ խաղաղության հաստատման գործում, որպեսզի պատմության գիրկն անցնեն վշտի եւ սգո օրերը», - նշել է «Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:




























