Լոնդոնում անսովոր դատավարություն է տեղի ունենում: Այնտեղ դատում են իրեն «սաուդյան արքայադուստր» հռչակած եւ անշարժ գույքի խոշոր խաբեբայության համար բռնված մի կնոջ: Ըստ քննիչների՝ Սառա Ալ Ամուդին իրականում Եթովպիայից է:Նա մի ժամանակ մարմնավաճառ է աշխատել: Արքայադուստր է ներկայացել բնակարանի հետ կապված խաբեբայությունն իրականացնելու համար:
Մեղադրյալը վստահեցնում է, որ ինքն իսկական արքայադուստր է, եւ որ իր կարողությունն այնքան մեծ է, որ ինքն իրեն թույլ է տալիս միայն օծանելիքի վրա մի քանի ամսվա ընթացքում ծախսել կես միլիոն դոլար:
Daily Mail-ը հայտնում է, որ նախօրեին «արքայադուստրը» ժամանել էր Լոնդոնի Գերագույն դատարան Rolls Royce մեքենայով:
Առեղծվածային «արքայադստեր» տարիքը հայտնի չէ, ըստ տարբեր տվյալների՝ նա 31-45 տարեկան է: Նա դատարան է ներկայացել փարաջայով եւ սեւ զգեստով, սակայն 12 սմ-անոց կրունկներով կոշիկներով: Դատարանում այդ կինը լալիս էր եւ վստահեցնում, որ իրականում ինքը շատ հարուստ է եւ երբեք աղքատ մարմնավաճառ չի եղել, հաղորդում է Vesti.ru-ն: Խաբեբա կինը պատմել է նաեւ, որ սիրային կապ է ունեցել բնակարանների մեքենայությունների գործում տուժող ճանաչվածներից մեկի հետ: Նա 45-ամյա Յեն Փեյթոնն է՝ կապալառու ընկերության ներկայացուցիչը: Ալ Ամուդին պնդում է, որ տղամարդն իրենից 5 մլն ֆունտ է պահանջել, որը նա ստացել էր Սաուդյան Արաբիայից ու չէր վերադարձրել: Նա հայտարարել էր, որ Լոնդոնի հարուստների թաղամասում բնակարանները իր անունով էին գրանցվել որպես «թալանի եւ պարտքերի» փոխհատուցում:
Սակայն Փեյթոնն ու նրար գործընկեր Ամանդա Քլաթերբաքը հայտարարում են, որ Ալ Ամուդին խաբել է իրենց: Թագավորական անձ ներկայանալով՝ համոզել է նրանց, որ պատրաստ է միլիոններ ներդնել նրանց նախագծում: Կինը նաեւ հայտնել է, որ Աբդուլա թագավորի կինն է, բայց առանձին է ապրում: գործընկերները հավատացել են եւ այժմ նրանից 14 մլն ֆունտ են պահանջում:





























