Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը հուլիսի 24-ին այցելել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ: Դեսպանին ընդունել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գիտնական-վերլուծաբաններ, ինչպես նաեւ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը: Դոկտոր Քոթանջյանը դեսպանին ներկայացրել է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջնահերթությունները, ինչպես նաեւ ինստիտուտի` Պաշտպանական ազգային (հետազոտական) համալսարանի կերպափոխման գործընթացը:
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը համառոտ ներկայացրել է ասոցիացիայի ծրագրերը` Հայաստանում քաղաքական գիտության զարգացմանն աջակցելու համատեքստում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բրիտանական դեսպանությունը Քեմբրիջի Իշխանի ծննդյան կապակցությամբ հայտարարել է նվերների ընդունման շաբաթի մասին, Հայկ Քոթանջյանը Պաշտպանության նախարարության անունից Քեմբրիջի նորածին իշխանին նվիրել է Հայաստանի էսթետիկական դաստիարակության մանկական կենտրոնի երեխաների կողմից նկարազարդված Մանկական Աստվածաշունչ հետեւյալ մակագրությամբ.
«Նորին գերազանցություն Քեմբրիջի Դքսին եւ Դքսուհուն: Խնդրում եմ ընդունել մեր սրտագին շնորհավորանքները, լավագույն ցանկությունները եւ այս եզակի Մանկական Աստվածաշունչը Քեմբրիջի արքայազնի ծննդյան կապակցությամբ: Աստվածաշնչի նկարազարդումները կատարվել են Երեւանի էսթետիկ կրթության կենտրոնի հայ երեխաների կողմից, կենտրոն, որը տարիներ առաջ հիմնադրվել էր իմ ընկեր եւ արվեստի հայտնի գուրու Հենրիխ Իգիթյանի կողմից: Աստվածաշունչն իր մեջ կրում է սիրո եւ խաղաղության բացառիկ ուղերձ:
Թող այս սուրբ Աստվածաշունչը` պատրաստված տաղանդավոր հայ երեխաների կողմից, երջանիկ եւ առողջ երկար տարիների կյանք պարգեւի նորածին Քեմբրիջի արքայազնին ի փառս Մեծ Բրիտանիայի թագի եւ բրիտանական ժողովրդի»:




























