Ամերիկյան Ֆեմիդան, արդարադատության ձգտելով, կարծես իր դեմ է դուրս եկել: Տվյալները, որոնք ներկայացնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, թեւաթափ են անում: Այսպես, ԱՄՆ բանտերում է գտնվում աշխարհում բոլոր բանտարկյալներից 20 տոկոսը, որը կազմում է 2,2 մլն մարդ: Նրանց վրա ամեն տարի ծախսվում է մոտ 60 մլրդ դոլար: Փորձագետները որպես բանտային ռեկորդի հիմնական պատճառ նշում են հանցավորության կանխարգելմանն ուղղված ֆինանսական ծրագրերի անբավարարությունը եւ ամերիկյան դատարանների վիճելի վճիռները:
Իսկապես, ամերիկյան բանտում հայտնվելը շատ հեշտ է: Դա են ապացուցում Միջազգային հետաքննությունների Սթրինգերի բյուրոյի հրապարակած նյութերը, հաղորդում է Utro.ru-ն:
Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ ձերբակալման կամ կալանավորման համար առիթ կարող է լինել ինչ ասես՝ եւ անվնաս կատակը, եւ հեգնական գրությունը սոցցանցում, եւ նույնիսկ ազգային պուրակ այցելելը: Այսպես, ամերիկացի կնոջը բանտարկություն էր սպառնում այն բանի համար, որ նա իր 11-ամյա դստեր հետ որոշել էր կերակրել փայտփորիկի ձագին, որին փրկել էր կատվի ճանկերից: Թռչունը ձեռքներին նրանք մտել են կենդանաբանական այգի, որտեղ բնության պահպանության գործակալության աշխատակիցը նրանց մեղադրել է թռչունի անօրինական տեղափոխման մեջ:
Բարեբախտաբար այդ պատմությունը հասարակական հնչեղություն էր ստացել, որից հետո բնության պահպանության գործակալությունը հրաժարվել էր իր բողոքից:





























