Չորեքշաբթի յոթ մարդ վիրավորվել է Մեքսիկայի Միչոական նահանգում դաշնային ոստիկանության ստորաբաժանման վրա հանցագործների հարձակման հետեւանքով, հայտնում են տեղի իշխանությունները:
Վիրավոր աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկության` զոհեր չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միչոականում արդեն երրորդ օրն է շարունակվում են ոստիկանների վրա հանցագործների հարձակումները: Նախօրեին բախումների հետեւանքով սպանվել էր 22 մարդ` երկու ոստիկան եւ 20 հանցագործ: Ընդհանուր առմամբ երեքշաբթի գրանցվել էր դաշնային ոստիկանության վրա հարձակման վեց փորձ: Վիրավոր ոստիկանների թիվը կազմել էր 15 մարդ:
Միչոական եւ Գուանահուատո նահանգները համարվում են «Տամպլիերների օրդենի ասպետներ» թմրակարտելի տիրույթը: Այդ հանցախումբը ի հայտ էր եկել 2011թ. սկզբին` անջատվելով «Միչոականցի ընտանիք» թմրակարտելից: Այն ժամանակ նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի հայրենիք Միչոականի գլխավոր քաղաքների փողոցներում միաժամանակ հայտնվել էին կարմիր խաչով սպիտակ տասնյակ դրոշներ, որոնց վրա գրված էր օրդենի ստեղծման մասին: «Ասպետների» եւ «Ընտանիքի» միջեւ ազդեցության ոլորտի համար դաժան մարտեր էին ծավալվել:





























