Հայաստանի եվրոպական ինտեգրումը թույլ կտա ստեղծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ավելի գործուն մեխանիզմներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ի մամուլի ասուլիսում, հայտնել է ՀՀԿ Ազգային ժողովի պատգամավոր, կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Սամվել Նիկոյանը:
Նա իր պնդումը բացատրել է նրանով, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրներից մեկը Եվրամիության անդամ է, մյուսն էլ ներկայացնում է Արեւմուտքը: «Այս տեսանկյունից մեզ համար ավելի նպատակահարմար է չմերժել օգնության մեկնած ձեռքը: Ինչ վերաբերում է մեր ազգային անվտանգությանը, ապա եվրոպական ինտեգրացիան եւս մեկ հարթակ է, որտեղ մենք կարող ենք բարձրացնել Հայաստանի շրջափակման խնդիրը», - նշել է Սամվել Նիկոյանը՝ հավելելով, որ եվրոպական ինտեգրացիայի ամրապնդումը մեր երկրի համար լրացուցիչ հնարավորություններ կբացի տնտեսական եւ ֆինանսական ոլորտներում:
Ըստ պատգամավորի՝ ոչ ԵՄ-ի բարձրագույն ղեկավարության, ոչ ռուսական կողմից հստակ առաջարկություն չի եղել ընտրություն կատարել երկու ուղղությունների միջեւ: «Հայաստանը պետք է իր քաղաքականությունը կառուցի ոչ թե խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի հակասությունների վրա, այլ դրանց համեմատության: Նման քաղաքականությունը հաջող իրականացվել է վերջին տարիներին»,- հայտնել է Սամվել Նիկոյանը: Նա հավելել է, որ Հայաստան-ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի վավերացմամբ հայկական բազմաթիվ ընկերություններ, ինչպես նաեւ Հայաստանում գրանցված ռուսական ընկերություններ կարող են արեւմտյան շուկա դուրս գալ, որը եւս մեկ անգամ վկայում է հայ-ռուսական շահերի հարաբերակցության մասին:
Վերջում Սամվել Նիկոյանն ընդգծել է, որ Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում Հայաստան-ԵՄ ասոցացման վերաբերյալ պայմանագրի նախաստորագրումը միանգամայն իրագործելի է:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին ավարտվել է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների վերջին փուլը:





























