Տեսանելի ապագայում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցություններ նախատեսված չեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության գործադիր կոմիտեի անդամ, նախկին խոսնակ Սամվել Նիկոյանը:
«Այս փուլում Հայաստանի բարձրագույն ղեկավարության առաջ ծառացած է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խնդիրը եւ այդ ուղղությամբ համագործակցության խորացումը: Բնականաբար, չի կարելի հետագա որեւէ զարգացում բացառել»,-ընդգծել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը որեւէ կերպ չի ազդելու Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքական շահերի վրա, համենայն դեպս՝ Հայաստանի մասով: «Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունն այն մակարդակում է, որը չի ենթադրում «կամ, կամ» սկզբունքը, այսինքն՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը անփոխարինելի է»,-եզրափակել է Նիկոյանը:
Ընդգծենք, որ արդեն ավարտվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների վերջին փուլը:





























