Իսպանիայում ռելսերից դուրս եկած գնացքի մեքենավարը խոստովանել է, որ գնացքն ընթանում էր 190 կմ/ժ արագությամբ՝ տվյալ տարածքում թույլատրված առավելագույն 80 կմ/ժ-ի փոխարեն, չորեքշաբթի օրը գրել է իսպանական EFE գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:
Գալիսիայում գնացքի վթարն Իսպանիայում վերջին 40 տարվա ընթացքում ամենախոշորն էր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան՝ Գալիսիայի մայրաքաղաք Սանտյագո դը Կոմպոստելա քաղաքի երկաթգծային կայարանից ոչ հեռու: Գնացքի բոլոր վագոնները շրջվել էին, իսկ նախավերջինն ամբողջովին ջախջախվել էր: Գնացքում վթարի պահին եղել էր 218 ուղեւոր: Ըստ ճշտված տվյալների՝ զոհվել է 78 մարդ, եւս 143-ը վիրավորվել են, նրանցից 20-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ:
Ենթադրությունները, որ գնացքը ռելսերից դուրս էր եկել բարձր արագության պատճառով շրջադարձ անել չկարողանալու հետեւանքով, ծագել էին վթարից անմիջապես հետո: Ըստ գործակալության տեղեկության՝ մեքենավարն արագությունը գերազանցելու մասին խոստովանել էր Գալիսիայի կառավարության ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ:
Միաժամանակ տեղի բնակիչները հայտնել են, որ վթարի պահին պայթյուն են լսել: Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հերքում է ահաբեկչության վարկածը:





























