Նորվեգիայի Թրոնդհայմ քաղաքում հուլիսի 26-28-ը տեղի է ունեցել «Կրոնների եւ բնապահպանության ալյանսի» ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Էջմիածին քաղաքի պատվիրակությունը, որի կազմում են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը:
Հանդիպումը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան տաս հավատքային խմբերի ներկայացուցիչներ` քրիստոնյաներ, հրեաներ, մահմեդականներ, սիկխեր, հինդուներ, դաոիստներ, շինտոներ, կոնֆուցիոսականներ, բուդդիստներ, նպատակ էր հետապնդում զարգացնելու կանաչ ուխտագնացությունը` հաշվի առնելով բնապահպանությունն ու դրա հրամայականները:
Հանդիպման ընթացքում ելույթով են հանդես եկել Եվրախորհրդի Գլխավոր Քարտուղար Տոբյորն Յագլանդը, Թրոնդհայմի քաղաքապետ Ռիտա Օտերվիկը, Կոնֆուցիոսական համաշխարհային էկոլոգիական ալյանսի գլխավոր քարտուղար եւ Պեկինի համալսարանի պրոֆեսոր Տու Վեյմինգը, ինչպես նաեւ համաշխարհային տարբեր կրոնների ներկայացուցիչներ:
Հայաստանի պատվիրակության անդամները կազմակերպել են հայկական ծեսով աղոթքի արարողություն, ներկայացրել են «Կանաչ ավանդական կերակուր» ծրագիրը, ինչպես նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի ու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը: Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել նաեւ ծանոթանալու Թրոնդհայմ քաղաքում իրականացվող բնապահպանական ծրագրերին: Վերջում հայաստանյան պատվիրակությունը հրավեր ուղղեց «Կրոնների եւ բնապահպանության ալյանսին» հաջորդ հանդիպումը գումարել Հայաստանում:





























