Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում հնչած կրակոցների գործով որոշ փորձաքննություններ ավարտվել են եւ արդյունքները փոխանցվել են պաշտպանական կողմին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանից:
Դիտարկմանը, թե ըստ որոշ տեղեկությունների փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ Սուրեն Խաչատրյանի որդին թմրանյութի ազդեցության տակ է եղել, փաստաբանն ասաց. «Նման տեղեկություն տարածողները անբարեխիղճ են, որովհետեւ նրանք չպետք է իմանային այդ մասին: Եթե անգամ Տիգրան Խաչատրյանը օգտագործել է թմրանյութ, ապա դա որեւէ առնչություն չունի նրա վերագրված արարքի հետ: Իրեն հարգող իրավաբանը, ով իրեն իրավաբան է համարում, գիտի, որ եթե անգամ ագրեսիվ էլ եղած լինի թմրանյութ օգտագործած անձը եւ միաժամանակ գործած որոշակի պայմաններում, որոնք բացառում են նրա արարքում հանցակազմի հատկանիշները, ապա թմրանյութ օգտագործելը բացարձակ նշանակություն չունի: Բավական է շահարկել այդ հանգամանքը»:
Հարցին, արդյոք փորձաքննության արդյունքները բացառում են Տիգրան Խաչատրյանի արարքում հանցակազմը, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Արդյունքների մասին ես այսօր մեկնաբանություն չեմ տա: Ինչ վերլուծություն կտամ իմ պաշտպանյալի պաշտպանական գործողությունների ընթացքում, դա կզգաք այն ժամանակ, երբ դրա ժամանակը գա: Փաստաբանը պարտավոր չէ բացահայտել իր պաշտպանական տակտիկան ժամանակից շուտ: Հակառակ դեպքում նա փաստաբան չէ: Կգա մի օր, երբ ինքս կհրավիրեմ ասուլիս եւ կխոսեմ: Բայց այդ օրը դեռ չի եկել: Ինչպես նաեւ չգիտեմ այդ օրը մեկ օր հետ կգա, 20, թե 50»: Նա նաեւ տեղեկացրեց, որ դեռ չգիտի, թե նախաքննությունը ինչ հունով է ընթանում եւ չի ցանկանում միջամտել, որ որեւէ մեկը չասի, թե ինչ-որ կերպ միջամտել է նախաքննական մարմնի գործողություններին: «Ես սպասում եմ այն պահին, երբ կարող եմ արտահայտվել եւ հասարակությանը բացատրել, որ այն չի ինչ-որ դուք ուզում եք, այն չի ինչ-որ դուք ցանկանում եք: Այսօր վիճակը լրիվ այլ է, քան ձեզ ներկայացվում է կամ դուք ցանկանում եք: Շատ վատ է, երբ վաղը ասենք մեկ ուրիշի հարազատին մի բան կպատահի, որին մեկ ուրիշը վատ է տրամադրված: Մենք այստեղ գործ ունենք Տիգրան Խաչատրյանի եւ, ոչ թե Սուրեն Խաչատրյանի հետ»,- ավելացրեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը:
Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:
Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:





























