Հայստանի Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2009թ. հունվար-դեկտեմբեր» տեղեկատվական տարեկան զեկույցի տվյալները: Ըստ այդմ, պարզվում է, որ Հայաստանի բնակչության թվաքանակը 2008-ի դրությամբ 2009-ին աճել է 12,5 հազարով, 2010-ի հունվարի 1-ին կազմելով 3,25 միլիոն մարդ: Բացի այդ, 2009թ. 8 ավելացել է ծնելիությունը. Եթե 2008-ին ծնվել է 41 185 երեխա, ապա 2009-ին` 44 466 երեխա: Իսկ մահացությունը գրեթե չի փոխվել:
Ամուսնությունների քանակն աճել է 1,7 տոկոսով եւ կազմել 18 773, իսկ ամուսնալուծությունների քանակը նվազել է 6,7 տոկոսով` կազմելով 2829 դեպք:
Հետաքրքիր ցուցանիշ է արձանագրվել գործազրկության ոլորտում: Եթե պաշտոնական գրանցված գործազրկությունը 2009-ին կազմել է 6,9 տոկոս (այն 0,6 տոկոսով բարձր է 2008-ի ցուցանիշից), ապա տնային տնտեսությունների հետազոտությունները ցույց են տվել, որ 2009-ին գործազուրկները կազմել են տնտեսապես ակտիվ բնակչության 28,6 տոկոսը: Նշենք, որ այս հետազոտությունն իրականացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ:
Նշենք նաեւ, որ 2009-ին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 101 895 դրամ, ինչը 9,8 տոկոսով բարձր է 2008-ի համապատասխան ցուցանիշից:




























