Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, Կարինե Ղազարյանի եւ Հենրիկ Տեր-Ադամյանի մասնակցությամբ, այսօր՝ օգոստոսի 1-ին անփոփոխ է թողել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության գործով:

Դատարանը, չնայած տուժող եւ պաշտպանական կողմերի բողոքներին, գործը քննել է վճռաբեկության կարգով, այսինքն նոր ապացույցներ չեն հետազոտվել, եւ նոր վկաներ չեն դատակոչվել:

Տուժող կողմը պահանջում էր Վերաքննիչ քրեական դատարանից «բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել դատավճիռը՝ արդարացնել ամբաստանյալներին եւ գործն ուղարկել դատախազին»: Պահանջում էին նաեւ «քննության ընթացքում բացահայտված օրինախախտումների կապակցությամբ քրեական գործեր հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին»:

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ իրենք բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը: Դրա համար տուժող կողմն ունի մեկ ամիս ժամանակ:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ Ս. Մարդանյանի նախագահությամբ, կայացրել էր դատավճիռ՝ հինգ ամբաստանյալներին՝ Արտակ Նազարյանի նախկին ծառայակիցներին մեղավոր ճանաչելով նրանց մեղսագրվող արարքների համար, որոնք ըստ զինդատախազության եւ դատավորի գնահատման, Ա. Նազարյանին «հասցրել են ինքնասպանության»: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտել է համապատասխանաբար 10, 4, 4, 4, եւ 2 տարվա ազատազրկման՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ կիրառելով փորձաշրջան:

Արտակ Նազարյանը մահացել էր 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ Արտակ Նազարյանին սպանել են, իսկ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում: