Մարտի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երեւան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման հերթական փորձը:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանում, երեք օտարերկրյա ուղեւորի բեռների զննության ընթացքում հայտնաբերվել է 4 կգ 656 գրամ «մետամֆետամին» տեսակի ծանր թմրանյութ, որը ներծծված է եղել ուղեբեռներում գտնվող բրդյա բաճկոնների մեջ:
Նույն օրը Երեւան քաղաքում բացահայտվել եւ ձերբակալվել են հանցավոր խմբի երկու պարագլուխները, որոնք կազմակերպել էին թմրամիջոցի մաքսանենգ ներկրումը եւ արտահանումը:
Մարտի 11-ին «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կասեցվել է թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման եւս մեկ փորձ: Երեւան-Մոսկվա-Բանգկոկ չվերթի չորս օտարերկրյա ուղեւորի անձնական զննության ժամանակ, նրանց որովայնում, հայտնաբերվել է պոլիէթիլենային 130 հատ փոքրիկ տոպրակներում, 1կգ 345գրամ ընդհանուր քաշով, «մետամֆետամին» տեսակի թմրանյութ, որը բժշկական միջամտությամբ դուրս է հանվել:
Հարուցված քրեական գործերով նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:




























