«Տավուշի մարզի հինգ գյուղերում աֆրիկյան ժանտախտի դեպքեր իսկապես գրանցվել են, սակայն իրավիճակը լիովին վերահսկելի է»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը։
Նշելով, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում, իսկապես, գրանցվել են խոզերի անկման դեպքեր, նա տեսակետ հայտնեց, որ չի բացառվում՝ 2007 թ. բռնկված աֆրիկական ժանտախտը վերսկսված լինի։ «Սակայն կանխարգելիչ աշխատանքներն արդեն իսկ սկսված են, իրավիճակը լիովին վերահսկելի է եւ էական խնդիրներ չկան»,- նկատեց Գրիշա Բաղյանը՝ ավելացնելով, որ հիվանդության կանխարգելման նպատակով Նոյեմբերյանի տարածաշրջանում կարանտին է հայտարարված եւ ձեռք են առնվել կանխարգելիչ բոլոր միջոցառումները։
Նշենք, որ օրերս Տավուշի մարզում խոզերի անկման զանգվածային դեպքեր էին գրանցվել։




























