Ազատության հրապարակում Ակախության հռչակագրի օրը՝ օգոստոսի 23-ին «Ժառանգություն» կուսակցությունը հանրահավաք է հրավիրելու: Այս մասին այսօր` օգոստոսի 2-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, 1992 թ-ից ասում են, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքականությունից դուրս է գալիս, այնինչ ժամանակը հակառակն է ցույց տալիս: Իսկ վերջին ընտրությունները, Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, ցույց տվեցին, որ ժողովրդի կողմից ընտրված նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Նա նաեւ ավելացրեց, որ «Ժառանգությունը» երբեք պասիվ չի եղել, որ ակտիվանա: Հետեւաբար շարունակում են իրենց պայքարը նոր թափով` նոր սահմանադրության, արդարադատության նոր համակարգի, ազատ մրցակցային նոր տնտեսության համար:
Մարտիրոսյանը նշեց, որ կուսակցական համակարգում եւս փոփոխություններ կլինեն՝ մատնշնելով մեծամասնականից համամասնականին անցնելու հանգամանքը: «Մենք իսկզբանե ասել ենք, որ սա երկարատեւ պայքար է: Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում՝ ես միայնակ չեմ կարող այս պայքարը իրականացնել, բայց պատրաստ եմ բոլորի հետ համահավասար այս պայքարը տանել, որը մեկ օրվա պայքար չէ»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ պետք է միասնական ջանքերով երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից, հակառակ դեպքում ամեն մեկը առաջ է տանելու իր շահը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























