Անվանի դերասան Ազատ Գասպարյանը մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը:
Մահը վրա է հասել այսօր՝ օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ին: Բուժկենտրոնի փոխտնօրենը չհայտնեց անվանի դերասանի մահվան պատճառը:
Ավելի վաղ Ազատ Գասպարյանի դուստրը՝ Նաիրի Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ անվանի դերասանը ներկայացման փորձի ժամանակ վնասել էր ողնաշարի սկավառակները: Դերասանը մի քանի օր առաջ սուր ցավեր էր ունեցել, եւ եկել էր բուժումը շարունակելու:
Ազատ Գասպարյանը կինոյի եւ թատրոնի անվանի դերասան էր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:
Ծնվել է 1943թ. Երեւանում: 1960թ. ավարտել է Արթիկ քաղաքի № 1 միջն. դպրոցը, 1970թ.` Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1970-72թթ. աշխատել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80թթ.` Դրամատիկական թատրոնում: Հետագա տարիներին աշխատել է ‹‹Հեռուստաթատրոնում››, ‹‹Մետրո›› թատրոնում: 1986թ.-ից առ այսօր Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան էր:
Նկարահանվել է «Հայֆիլմի» եւ «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմերում` «Հեղնար աղբյուր›› (1970թ.), «Համագյուղացիները›› (1974թ.), «Երկունք›› (1976թ.), «Հուսո աստղ›› (1978թ.), «Համր վկան›› (1980թ.), «Սիրո փոքրիկ պատմություն›› (1981թ.), «Երջանկության մեխանիկա›› (1982թ.), «Հին օրերի երգը›› (1982թ.), «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր›› (1983թ.), «Ճերմակ անուրջներ›› (1984թ.), «Մեր մանկության տանգոն›› (1984թ.), «Ո՞ւր ես գնում, զինվոր›› (1985թ.), «Բառը›› (1987թ.), «Շնչառություն›› (1988թ.), «Աստված իմ, ինչո՞ւ›› (1989թ.), «Ձանձրույթ›› (1990թ.), «Որտե՞ղ էիր, մարդ աստծո›› (1992թ.), «Органный концерт» (2000թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) եւ այլն: Նկարահանվել է նաեւ 30 եւ ավելի հեռուստաբեմադրություններում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների:
Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում` ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ էմիրություններ եւ այլն: Հեղինակել է ‹‹Իմ լեզվի տակ փուշ չկա›› (2000թ.) գիրքը, մի շարք տեսաձայնասկավառակներ:





























