Սեւանի ջրահավաք ավազանում մաքրման կայանների թիվը բավարար չէ: Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողներին է հայտարարել ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ իխտիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

Նրա խոսքով` դրանով է պայմանավորված Սեւան թափվող Մարտունի եւ Վարդենիս գետերի` ամոնիումի իոններով աղտոտվելը: «Եթե թթվածնի քանակը բավարար լինի, այդ միացությունների կթթվեցվեն եւ վնասակար չեն լինի լճի ֆաունայի համար: Խնդիրը թթվածնի անբավարարության մեջ է».-ասել է Ղուկասյանը:

Հենց այդ պատճառով, հավելել է նա, Սեւանի ջրի մակարդակի բարձրացումը առաջնահերթ խնդիրներից է: «Դրա արդյունքում լճի հատակը քիչ կտաքանա, իսկ միկրոօրգանիզմների աճը կդանդաղի, հետեւաբար` նրանք ավելի քիչ թթվածին կօգտագործեն: Հակառակ դեպքում կդիտվի լճի «ծաղկման» տխուր երեւույթը»,-ընդգծել է Ղուկասյանը: